«Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ կազմակերպվել էր ՀՀ պատվիրակության ուսումնական այցը Սերբիայի Հանրապետություն։ Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Հարությունյանը և էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Խաչատրյանը։
Ուսումնական այցի ընթացքում մասնակիցները այցելել են մի շարք կարևոր էներգետիկ հաստատություններ՝ EKC (Էներգետիկ համագործակցության կենտրոն), EMS՝ էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման կենտրոն, SEEPEX՝ էլեկտրաէներգիայի շուկայի օպերտորի գրասենյակ, SCC՝ համակարգի անվտանգության կառավարման կենտրոն, «Միխայլո Պուպինի» ինստիտուտ, Schneider Electric,Elektrovojvodina բաշխիչ ցանցային ընկերություն։
Այցի նպատակն էր ծանոթանալ սերբական էներգետիկ համակարգի կառավարման կառուցվածքին, մոդելավորման և ծրագրային լուծումներին, որոնք օգտագործվում են ցանցի վերլուծության, բաշխիչ ցանցերի կառավարման և համակարգային կայունության ապահովման գործընթացներում։
Այցը նպաստեց մասնագիտական գիտելիքների խորացմանը, ոլորտային փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և գործընկերային կապերի ամրապնդմանը։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու DMS (Distribution Management System) համակարգերի մշակման փորձին և դրանց կիրառմանը բաշխիչ ցանցերում։ Քննարկվել են նաև տվյալների վերլուծության, մոնիթորինգի, կանխատեսման և համակարգային օպտիմալացման գործիքների օգտագործումը։
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությունը հնարավորություն տվեց համեմատել հարևան տարածաշրջանների էներգահամակարգերի կառավարման մոտեցումները և կիրառել ձեռք բերված փորձառությունը ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակում։
Հոկտեմբեր 7, 2024